Մեր մասին

Ի՞նչ է շողիկը։ Այն լույսի փոքրիկ պատառ է, որը ծնվում է արևից։ Այն մոմի կամ լապտերի փորձն է հաղթահարելու մութը։ Ի վերջո շողիկը մանկան ջերմ ժպիտն է։  

«Շողիկ» առողջ մանկության և հատուկ մանկավարժության կենտրոնն օգնում է երեխաներին և նրանց ծնողներին` պահպանել իրենց մեջ եղած լույսը և լուծում գտնել  բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են ստվերել երեխայի առողջ և ներդաշնակ զարգացումը։

«Շողիկ» կենտրոնն ունի գործունեության երեք հիմնական ուղղություն՝ աշխատանք երեխաների(հիմնականում՝ 3-7 տարեկան), ծնողների և մասնագետների հետ։

Երեխաների համար կենտրոնում կազմակերպվում են թե՛ անհատական, թե՛ խմբային դասընթացներ։ Տրամադրվում է խորհրդատվություն և ախտորոշում ՝զարգացման խնդիրների առկայության դեպքում։ Բացի այդ, կենտրոնը մշակում է ծրագրեր, որոնցով իրականացվում է նախադպրոցական պատրաստություն և աջակցող ուսուցում։

Ծնողների համար առաջարկվում են մի շարք թերապիաներ և  թեմատիկ սեմինարներ։ Մենք կարևորում ենք ծնողների հետ աշխատանքը, քանի որ շատ հաճախ հենց ծնողների հոգեկան առողջությունն ու ներդաշնակությունն են երեխայի առողջ մանկության հիմնական գրավականը։

Երեխաների առողջությանն ու զարգացմանը վերաբերող ոլորտներում աշխատող մասնագետների համար կենտրոնում կազմակերպվում են սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ։

Աշխատանքն ու սեմինարներն իրականացվում են վալդորֆյան մանկավարժության մոտեցումների հիման վրա։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մանկությունն այսօր առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի։ Երևի նկատել եք, որ երեխաների խաղն ու իրական կյանքը փոխարինվել են համակարգիչներով և այլ, ոչ շոշափելի տարրերով։ Դա իրականությունն է, որը գիտակցելով ՝այսօր անհրաժեշտ է «վերադարձնել» և պաշտպանել երեխաների կյանքի ճիշտ ռիթմերը, սովորեցնել լսել և ընկալել, զարգացնել գեղարվեստական տարրից զրկված խոսքը։

Մեր կենտրոնում կատարվող բոլոր գործընթացներն իրականացվում են հաշվի առնելով ներկա իրողությունը, ինչպես նաև երեխայի բնույթն ու տարիքը։ Վերջիններս պահանջում են հստակ ռիթմ և կրկնություն, ինչը երեխային տալիս է պաշտպանվածության և կայունության զգացում, ամրապնդում նրա կամքը։

Մանկության հիմնասյունը խաղն է։ Երեխային պետք չէ խանգարել խաղալ, չէ որ այդ ընթացքում նա մոտենում է կյանքի հիմնական թեմաներին, որոնցից նա այսօր հեռանում է։ Մանկության սնունդը եղել է, կա և կլինի հեքիաթը, իսկ ամենամեծ պահանջն ու կարիքը՝ սերը և ջերմությունը։

Ի գո՛րծ

This post is also available in: English Russian